Մինչ հանգստյան օրերին մառախլապատ Ալբիոնում եռում էին գավաթային կրքերը, եվրոպական ֆուտբոլային մյուս գերտերություններում թրատումներ էին առաջնությունների հենքի վրա անցկացվող բախումներում: Ընդ որում՝ հետաքրքիր հանգուցալուծումներով, որոնք, ի դեպ, հեռահար նպատակներ են պարունակում:
ԻՍՊԱՆԻԱ
Լա լիգայի 22-րդ տուրի թիվ մեկ հանդիպումը բնականաբար «Բարսելոն»-«Աթլետիկո» բախումն էր, որը Սիմեոնեի սաների հաղթանակի դեպքում մադրիդցիներին հնարավորություն կտար դառնալու միանձնյա առաջատար: Այնպես որ, զուտ մրցակցությունից զատ, խաղն ավելի քան պարտավորեցնող էր, մոտիվացիան՝ ակնհայտ, ու գործի հստակ ըմբռնումով դաշտ մտած մադրիդցիներն իսկույն անցան գործի: Արդեն 10-րդ րոպեին հաշիվը հօգուտ հյուրերի էր՝ 0:1: Ի պատասխան «Բարսելոնի» կատաղի գրոհների՝ մադրիդցիներն անցան խուլ պաշտպանության՝ չմոռանալով վտանգավոր հակագրոհների մասին, որովհետև հուսալ, թե կատալոնյան հարձակման գծի խելահեղ ֆուտբոլ ցույց տվող եռյակը չի անցնի պատժիչ արշավանքի՝ այդտեղից բխելիք դաժանագույն հետևանքներով, անհուսալի մանկամտություն էր: Արդեն 30-րդ րոպեին աջ եզրից Նեյմարի ֆանտաստիկ անցումը ավարտվեց Մեսիի կրակոցով, ու հաշիվը հավասարվեց: Եվս ութ րոպե, ու «Բարսելոնն» արդեն առջևում էր: Այս անգամ գոլի հեղինակը հայտնի կծանն էր՝ Սուարեսը, սուր անկյունից դարպասի գեղեցիկ գրավումով: Տեսնելով, որ չեն հասնում կատալոնյան արագավազների հետևից, մադրիդցիները պատասխանեցին չափազանց կոպիտ խաղով, ինչի համար էլ պատժվեցին դառնորեն՝ մնացին տասը, ապա ինը հոգով: Դարպասի երկու գրավումից հետո «Բարսելոնն» այլևս գոլ չհեղինակեց, մրցակիցն էլ ավելին չկարողացավ անել, ինչի արդյունքում կատալոնցիներն արդեն առջևում են երեք միավորով՝ գումարած պոտենցիալ երեք միավորը, որը կարող են ձեռք բերել պակաս անցկացրած մեկ խաղից: Ահա գծագրված այսպիսի առավելություն, որը կապտանռնագույնների առաջ ավելի քան ռեալ բացում է չեմպիոնության դռները, թեպետ առաջնության ավարտին դեռ շատ երկար ժամանակ կա:
«Աթլետիկոյի» սպասված տեղատվությունն ավելի քան ժամանակին էր նրանից չորս միավորի հեռավորությամբ դիրքավորված Մադրիդի «Ռեալի» համար, ու արքայականը շանսը բաց չթողեց: Սեփական հարկի տակ «էսպանյոլի» հարցերը լուծելն առանձնակի բարդություն չպիտի ներկայացներ ու չներկայացրեց էլ: 6:0 հաշիվն ավելի քան խոսուն է: Նշենք, որ որոշակի «երաշտից» հետո գոլային ծարավով աչքի ընկավ Ռոնալդուն՝ դառնալով հեթ-տրիկի հեղինակ:
ԳԵՐՄԱՆԻԱ
Տուրի արդյունքով բունդեսլիգայի առաջատար եռյակի դասավորությունում փոփոխություններ չկան: Անկեղծ ասած՝ դրանք առաջին երկու հորիզոնականներում գտնվող «Բավարիային» ու Դորտմունդի «Բորուսիային» չեն էլ սպառնում գոնե մոտ ժամանակներս, քանզի առաջինը երրորդ հորիզոնականում գտնվող «Հերտայից» (արտագնայում 3:3 է խաղացել «Վերդերի» հետ) առաջ է 18, իսկ երկրորդն այդ նույն երրորդից՝ 10 միավորով: Ինչ վերաբերում է նրանց հանդիպումներին, «Հոֆենհայմը» չդիմացավ մյունխենցիների, «Ինգոլշտադտը»՝ դորտմունդցիների քննությանը: Այս մրցակցություններում գրանցվել է նույն 2:0 հաշիվը: Հետաքրքիր է, որ երկուսում էլ դուբլ է գրանցվել, երկուսում էլ գոլերը խփել են հարձակման գծի առաջատարները՝ Ռոբերտ Լևանդովսկին ու Պիեռ-Էմերիկ Օբամեյանգը, և հենց նրանք էլ բունդեսլիգայի ռմբարկուների առաջին երկու հորիզոնականներում են, միայն թե հակառակ դասավորությամբ: Օբամեյանգի ակտիվում է 20, Լևանդովսկու՝ 19 գոլ:
ԻՏԱԼԻԱ
Համոզիչ հաղթանակներ տարան սկուդետեի առաջին երկու հորիզոնականներում գտնվող «Նապոլին» ու «Յուվենտուսը»: Առաջինը սեփական հարկի տակ 5:1 հաշվով ջախջախեց «Էմպոլիին», երկրորդն արտագնայում «Կիևոյին» պարտության մատնեց չորս անպատասխան գնդակի առավելությամբ: Նեապոլցիներն ունեն 50 միավոր, «Ծեր սինյորան», որ տասներկու տուր անընդմեջ բացառապես հաղթանակ է տոնում, շարունակում է հետ մնալ երկու միավորով:
«Ջենովայի» հետ խաղում «Ֆիորենտինան» չկարողացավ կոտրել տանտերերի դիմադրությունը՝ 0:0, ինչը նշանակում էր դուրս մնալ առաջին եռյակից, եթե միլանյան դերբիում «Ինտերը» կարողանար առավելության հասնել «Միլանի» նկատմամբ: Սակայն ակնհայտորեն Ռոբերտո Մանչինիի սաները հայտնվել են ճգնաժամի մեջ, ինչն ավելի խորացրեց «Միլանի» տոնած հաղթանակը՝ 3:0: «Ֆիորենտինան» ունի 42 միավոր:
ՖՐԱՆՍԻԱ
Նախորդ տուրում «Պարի Սեն Ժերմենից» նվաստացուցիչ հաշվով պարտություն կրած «Անժը» տպավորիչ եղավ երկրորդ հորիզոնականում դիրքավորված «Մոնակոյի» հետ մրցակցությունում՝ 3:0, ու այժմ նրանից հետ է երկու միավորով: Այդ հաղթանակը նրա համար կամրագրե՞ր երրորդ հորիզոնականը, թե՞ ոչ, պիտի պատասխաներ «Կանն»-«Նիցցա» դիմակայությունը: Հուրախություն բրետոնցիների, «Կաննը» սարի պես կանգնեց «Նիցցայի» ճանապարհին՝ 2:0:
«Սենտ Էտիենի» հետ արտագնայում «Պարի Սեն Ժերմենը» շարունակեց իր անպարտելի հանդիպումների շարքն (2։0) ու միավորների թիվը հասցրեց 63-ի, որը 24-ով շատ է երկրորդ տեղում գտնվող «Մոնակոյի» ունեցածից:
ԱՆԳԼԻԱ
Վերն արդեն նշել ենք, որ անցած հանգստյան օրերն Անգլիայում գավաթային էին: «Մանչեստր Սիթին», «Տոտենհեմն» ու «Չելսին» 1/16-ն անցան առանց լուրջ լարումների՝ համապատասխանաբար հաղթելով «Աստոն Վիլային» (0:4), «Կոլչեստր Յունայթեդին» (4։1), «Միլտոն Քինս Դոնսին» (5։1): 1/8-ն անցավ և «Արսենալը»՝ բավականին ջանք թափելով «Բյորնլիի» հետ խաղում՝ 2:1: Իսկ ահա վերջին հանդիպումներում անասելիորեն հյուծված, հիմնական կազմի խաղացողների վնասվածքներից անվերջ տառապող «Լիվերպուլը» չկարողացավ կոտրել «Վեստ Հեմի» դիմադրությունն (0:0) ու կրկին մնաց անցումային խաղի հույսին: Մյուս խաղերում արձանագրվել են հետևյալ արդյունքները՝ «Բոլտոն ՈՒոնդերս»-«Լիդս»՝ 1:2, «Նոթինգհեմ Ֆորեսթ»-«ՈՒոթֆորդ»՝ 0:1, «Կրիստալ Պելաս»-«Ստոկ Սիթի»՝ 1:0: Ավելի վաղ 1/8 էին անցել «Մանչեստր Յունայթեդը», «Հալ Սիթին», «Բորնմուտը», «Բլեքբեռնը», «Շրուսբերի Թաունն» ու «Ռեդինգը»:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ